Սերբիայում ցուցարարները ներխուժել են հանրային հեռուստաընկերության շենք և ուղիղ եթեր պահանջել
Սերբիայում հակակառավարական ցույցի մոտ 50 մասնակից շաբաթ ներխուժել են երկրի հանրային հեռուստաընկերության շենք և ուղիղ եթեր պահանջել, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` ցուցարարները նախ արգելափակել են շենքի երկու մուտքերը, ձվեր նետել դռների ուղղությամբ, ապա ներխուժել են շենք և թղթեր ու ժապավեններ փակցրել շենքի պատերին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք փակել են շենքի վերևի հարկերի մուտքերը` խոչընդոտելով ցուցարարների տեղաշարժը:
Ցուցարարների շարքերում են եղել Սերբիայի ընդդիմության առաջնորդներից Բոշկո Օբրադովիչը և Բելգրադի նախկին քաղաքապետ Դրագան Ջիլասը, որոնք հանդիպում են պահանջել հեռուստաընկերության ղեկավարության հետ: Այնուհետև նրանք առաջադրել են ուղիղ եթերի պահանջ` մեղադրելով հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը երեք ամիս իրենց քաղաքական հաղորդումներին չհրավիրելու համար:
Սերբիայի ՆԳ նախարար Նեբոյուշա Ստեֆանովիչը շտապ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ բոլորը պատժվելու են անօրինական գործողությունների համար:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը միջադեպի կապակցությամբ կիրակի (Երևանի ժամանակով 15.00- խմբ.) ուղերձով կդիմի հանրությանը:
Ավելի ուշ, ցուցարաները, ոստիկանների հետ բանակցություններից հետո, դուրս են եկել հեռուստաընկերության շենքից:










