Նոր օրինագծով ստեղծում ենք համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ևս մեկ հիմք․ Վարազդատ Կարապետյան (տեսանյութ)
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը տեղյակ է, որ ՀՀ մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են լինում՝ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով։
Նա Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նշեց, որ խորհրդարանը գտել է այս հարցի լուծումը՝ ԱԺ-ն նոր օրենք կընդունի։ «Առաջարկում ենք հարցը լուծել տեղական հանրաքվեի միջոցով։ Կարծում եմ՝ առաջին 1-1․5 ամսում կքննարկվի ու կընդունվի, համայնքի բնակչությունը հնարավորություն կունենա բնակիչների 20 տոկոսի ստորագրահավաքով տեղական հանրաքվե իրականացնել։
Եթե այդ հանրաքվեին կմասնակցի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը, ապա հնարավոր կլինի անվստահություն հայտնել գործող ղեկավարին ու նշանակել նոր ընտրություններ։ Ստեղծում ենք համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ևս մեկ հիմք»,- մանրամասնեց Կարապետյանը։
Վերջինս համակարծիք է այն տեսակետի հետ, որ որոշ համայնքի ներկայացուցիչներ, ղեկավարներին հեռացնելու հետ կապված, իշխանություններից քաղաքական որոշում են ակնկալում։ Սակայն պատգամավորը շեշտեց, որ ընտրություններից հետո, եթե համայնքը ղեկավար է ընտրվում, ապա դա իրենք չեն կարող վիճարկել։
«Եթե դժգոհող զանգվածն ունի կոնկրետ փաստեր կատարված հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ, ապա դա իրավապահ մարմիների հարցն է։ Բայց եթե մարդն ընտրվում է, ուրեմն՝ պետք է հարգել նրա ընտրազանգվածին»,- ընդգծեց Կարապետյանը։
Պատգամավորը գիտի, որ ՀՀ համայնքները միայն քաղաքական խնդիր չէ, որ ունեն։ Ըստ նրա ՝ հենց սրա համար էլ սուբվենցիոն ծրագրերին մեծ ուշադրություն են դարձնում։ Նրան մտահոգում է նաև համայնքների դատարկման խնդիրը, վստահեցնում է՝ քայլեր կանեն, սակայն չի կարող հայտարարել , թե գյուղերից քաղաք հոսը կվերանա։
Մանրամասները ՝ տեսանյութում։










