«Մարիամ Մագդաղենացի» ֆիլմում Հիսուսի դերակատարը «փոփոխել» է Ավետարանում նկարագրված հրաշքներից մեկի տեսարանը
Աստվածաշնչյան սյուժեով նկարահանված «Մարիամ Մագդաղենացի» ֆիլմում Հիսուսին մարմնավորած ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսը «փոփոխել» է Ավետարանում նկարագրված հրաշքներից մեկի մասին պատմող տեսարանը, հաղորդում է FOX News-ը:
Հաղորդվում է, որ 44-ամյա դերասանից պահանջվել է նկարահանվել այն տեսարանում, որում Հիսուսը կույր տղամարդուն (ֆիլմում տղամարդու փոխարեն կին է) բուժում է՝ վերջինիս աչքերին ցեխ քսելով (Ավետարան ըստ Հովհաննեսի):
Նման տեսարան նկարահանելու անհրաժեշտությունը զարմացրել է Ֆենիքսին, և վերջինս հրաժարվել է՝ ասելով, որ դա պարզապես «իմաստ չի ունենա»:
Դերասանը հրաշքի տեսարանն իր ձևով է ներկայացրել. նա պարզապես լեզվով խոնավացրել է բթի ծայրը և, տրորելով կնոջ աչքերը, բուժել նրա կուրությունը:
Գարթ Դևիսի «Մարիամ Մագդաղենացի» ֆիլմը Հիսուսի պատմությունը ներկայացնում է կնոջ տեսանկյունից: Ֆիլմում Մարիամ Մագդաղենացուն՝ «առաջին ֆեմինիստին», մարմնավորում է Ֆենիքսի ընկերուհին՝ Ռունի Մառան:










