Փարիզի դրամահատարանը կվերաթողարկի Աստվածամոր տաճարին նվիրված հուշամեդալը՝ այն վերականգնելու համար միջոցներ հավաքելու նպատակով
Փարիզի դրամահատարանը պատրաստվում է վերաթողարկել Աստվածամոր տաճարի պատկերով հուշամեդալը, որը հատվել է 2013 թվականին՝ տաճարի 850-ամյակի առթիվ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան լուրը հրապարակվել է հաստատության թվիթերյան էջում:
«Մենք պատրաստվում ենք վերաթողարկել 2013-ի հուշամեդալը և այն վաճառքի ներկայացնել, որպեսզի միջոցներ հավաքենք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հուշամեդալի մի կողմում պատկերված է տաճարը, ինչպես նաև հարավային ճակատի որոշ տարրեր: Մյուս կողմում ներկայացված է տաճարի հյուսիսային վարդագույն պատուհանի վերարտադրությունը:










