Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու մասին պատմող ֆիլմի ռեժիսորի դեմ կարող է դատական հայց ներկայացվել

16:55 • 17.04.19

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի կտակի հարցերով պատասխանատու Ջոն Բրանքան մտածում է երգչի՝ մանկապիղծ լինելու մասին պատմող «Նևերլենդը լքելով» աղմկահարույց ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդին դատի տալու մասին, հաղորդում է Billboard-ը:

Հարթակի տվյալներով՝ Բրանքան այդ մասին հայտարարել է Հարվարդի իրավագիտության քոլեջում բանավեճի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է փոփի արքայի անվան շուրջ ծագած սկանդալը:

«Այդ մարդիկ հորինել են այդ անիծյալ պատմությունը, քանի որ նրանց գումար էր հարկավոր, սակայն մենք դա այդպես չենք թողնի»,- ընդգծել է Բրանքան:

Նա հավելել է, որ ֆիլմը գաղտնի է նկարահանվել և անակնկալ է եղել բոլորի համար, հետևաբար երգչի ներկայացուցիչը «սխալ» տեղեկությունները հերքելու և իր վարկածը ներկայացնելու հնարավորություն չի ունեցել:

Հիշեցնենք, որ «Լքելով Նևերլենդը» ֆիլմում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը: Ֆիլմում Ռոբսոնը և Սեյֆչակը կիսվում են փոփի արքայի մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ:

Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու մասին պատմող ֆիլմի ռեժիսորի դեմ կարող է դատական հայց ներկայացվել