Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման աշխատանքների ընթացքում այցելուների համար բաց կմնա

15:07 • 18.04.19

Փարիզի Աստվածամոր տաճարը, որում օրերս խոշոր հրդեհ էր բռնկվել, վերանորոգման և վերակառուցման աշխատանքների 5 տարվա ընթացքում չի փակվի, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը BFMTV հեռուստաընկերության եթերում:

Նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե երբ կվերաբացվի տաճարը:

Ավելի վաղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր է 5 տարվա ընթացքում վերակառուցել շուրջ 850 տարվա հնության տաճարը:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի սայրաձողը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցները:

Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման աշխատանքների ընթացքում այցելուների համար բաց կմնա