«Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհին խոստովանել է, որ հաճախ է մտածել ինքնասպանության մասին
Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թըրները, որը «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում մարմնավորում է Սանսա Սթարքին, պատմել է ընկճախտի դեմ տարիներ շարունակ մղած պայքարի մասին, գրում է People հարթակը:
Դերասանուհու խոսքով՝ ինքը 5-6 տարի շարունակ տառապել է ընկճախտից: Տասնյոթ տարեկանում Թըրներն իրեն միայնակ է զգացել, քանի որ նրա ընկերները համալսարան են հաճախել, իսկ ինքն աշխատելիս է եղել: Պատճառներից մեկն էլ այն է, որ նա մշտապես ուշադրության կենտրոնում է եղել:
«Չեմ կարող ասել, թե չափազանց ընկճված էի, սակայն ավելի երիտասարդ տարիքում հաճախ էի մտածում ինքնասպանության մասին»,- խոստովանել է 23-ամյա դերասանուհին:
Թըրները հավելել է, որ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ հեռուստադիտողների աննրբանկատ մեկնաբանություններն իր մարմնի և դերասանական տաղանդի վերաբերյալ ընկճել են իրեն:
Դերասանուհու խոսքով՝ ընկճախտը հաղթահարելու հարցում իրեն մեծապես աջակցել է փեսացուն՝ Ջո Ջոնսը:










