Հայտնի են դարձել «Օսկար»-ի հաջորդ մրցանակաբաշխության արարողության օրն ու վայրը

14:40 • 24.04.19

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կողմից շնորհվող «Օսկար» ամենամյա ազգային մրցանակի հանձնման հերթական՝ 92-րդ արարողությունը կկայանա 2020թ.-ի փետրվարի 9-ին՝ Լոս Անջելեսի Dolby թատրոնում: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության կայքից:

Ակնկալվում է, որ մրցանակաբաշխությունն ուղիղ միացմամբ կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում և տարածքներում, բացի այդ՝ կազմակերպիչները հայտարարել են մրցանակաբաշխության կանոնակարգում մի շարք փոփոխությունների մասին:

Այսպես, օրինակ, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգն այսուհետ կվերանվանվի «Միջազգային գեղարվեստական ֆիլմ»: Նման փոփոխությունը բացատրվում է նրանով, որ «օտար» բառը ֆիլմարտադրության միջազգային հանրության շրջանում «հնացել» է:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են, որ անվանակարգերի անվան փոփոխությունը չի ազդի հայտերի ուղարկման գործընթացի և որակավորման պահանջների վրա:

Նշվում է նաև, որ «Միջազգային գեղարվեստական ֆիլմ» և «Շպար և սանրվածքներ» անվանակարգերում մրցանակին հավակնող ֆիլմերի քանակը կավելանա:

Հայտնի են դարձել «Օսկար»-ի հաջորդ մրցանակաբաշխության արարողության օրն ու վայրը