«Քաղաքացու օրը» կբեմադրվեն «Լինում է, չի լինում», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Սիրո քասթինգ» ներկայացումները. կլինեն նաև հանրային քննարկումներ. մշակույթի փոխնախարար

20:42 • 25.04.19

Ապրիլի 27-ին՝ «Քաղաքացու օրը» կլինեն հանրային քննարկումներ՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով, բայց նաև օրը հագեցած է լինելու թե՛ սպորտային, թե՛ մշակութային միջոցառումներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: «Սրանք ավելի շատ մշակութային մասն ապահովելու համար են, պարտադիր չէ, որ ամեն ինչ քաղաքական, քաղաքացիական թեմաներով լինեն»,- նշեց փոխնախարարը: Տիգրան Գալստյանի խոսքով՝ 10 թատրոններ և 4 երաժշտական ՊՈԱԿ-ներ տարբեր մարզերում միջոցառումների կմասնակցեն:

- «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 124 միլիոն դրամ: Ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու այդ օրը:

- Առաջին անգամ համահայկական միջոցառումները կենտրոնացված են ոչ թե Երևանում, այլ ամբողջ Հանրապետության տարածքում են: Մեր ենթակայության տակ գտնվող 9 թատրոնները և 1 մեկ համայնքային թատրոն՝ Երևանի պատանի հանդիսատես ՀՈԱԿ-ը,  պետք է տարբեր մարզերում մասնակցեն միջոցառումների: Նաև ունենք 4 երաժշտական ՊՈԱԿ-ներ, որոնք նույնպես տարբեր մարզերում ծրագրեր ունեն: Օրինակ՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը պետք է մեկնի Իջևան:

- Ի՞նչ թեմատիկայով ներկայացումներ են լինելու «Քաղաքացու օրը»:

- Օրինակ՝ Վանաձորի թատրոնը պետք է Հովհաննես Թումանյանի «Լինում է, չի լինումը» բեմադրի, Երևանի խամաճիկների պետական թատրոնը պետք է Հրազդան քաղաքում բեմադրի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը, Գյումրու պետական դրամատիկական թատրոնը Վանաձորում պետք է ներկայացնի «Սիրո Քասթինգ» ներկայացումը:

- Ի՞նչ կապ ունեն այս ներկայացումներն օրվա խորհրդի հետ:

- Սրանք ավելի շատ մշակութային մասն ապահովելու համար են, պարտադիր չէ, որ ամեն ինչ քաղաքական, քաղաքացիական թեմաներով լինեն: Մենք այդ օրվա միջոցառումների մեջ ունենք հանրային քննարկումներ՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով, նաև պետք է հարստացված լինի թե՛ սպորտային, թե՛ մշակութային միջոցառումներով: Սա ընդունված է: Քաղաքացու օրը, իմ կարծիքով, կարելի է համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարտի 21-ին նշվող է մարդու իրավունքների օրվա կամ ՄԱԿ-ում դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների օրվա հետ: 1950 թ.-ին մարդու իրավունքների դեկլարացիան ստորագրվեց և այդ օրը հռչակվեց մարդու իրավունքների օր, մեզ մոտ էլ կապված անցյալ տարվա քաղաքացու հաղթանակի հետ, այս օրն է նշվում: Ամենաառաջինը քաղաքացիների ընտրելու իրավունքը վերականգվեց, որը երկար տարիներ ոտնահարված էր:

- «Քաղաքացու օրվա» միջոցառումները «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունն է կազմակերպելու, որը իրականացրել էր նաև Երևանում Ամանորի տոնակատարությունների, Թումանյանի 150-ամյակի միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Ինչո՞ւ է կրկին այս ընկերությունն ընտրվել, ի՞նչ ընթացակարգով է գնումն իրականացվել:

- Մրցույթի մանրամասներին չեմ տիրապետում, պետք է կառավարության աշխատակազմից հարցնեք՝ ինչ եղանակով է ընտրվել, ինչպես է որոշվել: Մենք այդ ընկերության հետ մեկ միջոցառման շրջանակում ենք համագործակցել, դա Թումանյանի 150-ամյակի հետ կապված միջոցառումն էր: Մեկ միջոցառման շրջանակում էլ համագործակցել ենք անցած տարի՝ «Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման բացմանը, բայց մինչև հեղափոխությունն արդեն որոշված էր, որ այդ ընկերությունը պետք է կազմակերպի: Նույն Գորիսի միջոցառման փակման համար նույնպես մրցույթ եղավ և մրցույթում «Ֆակտորին» չհաղթեց: Նա մասնակցեց մրցույթին, բայց պարտվեց:

- «Ֆակտորի փրոդաքշն» «Քաղաքացու օրը» ի՞նչ է անելու, ո՞րն է իր գործառույթը:

- Այդ հարցերը ճշտեք աշխատակազմից, որովհետև դրան չեմ տիրապետում: Ես կարող եմ միայն մշակութային իրադարձությունների մասին պատմել, թե ինչ պետք է տեղի ունենա: Հասկանում եմ՝ ինչ մտահոգություններ ունեք, բայց հարցին չեմ կարող պատասխանել:

Նշված հարցերի վերաբերյալ Tert.am-ը հարցում է ուղարկել կառավարության աշխատակազմ:

 

«Քաղաքացու օրը» կբեմադրվեն «Լինում է, չի լինում», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Սիրո քասթինգ» ներկայացումները. կլինեն նաև հանրային քննարկումներ. մշակույթի փոխնախարար