Տաշիրում 15-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը նրա համադասարանցին է

20:46 • 27.04.19

Ապրիլի 27-ին' ժամը 18.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Նախնական տվյալներով' տղային դանակահարել է նրա համադասարանցին, որը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին։

Դեպքի վայրում' Տաշիրի մարզադպրոցի հետնամասում, հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով' հանցագործության գործիքն է։

Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։