Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի հոր դեմ կարող է հետմահու քրեական գործ հարուցվել
Ռուսաստանում իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող են հետմահու քրեական գործ հարուցել դուստրերի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Դեռևս հստակ տեղեկություն չկա՝ արդյոք քրեական գործ բացվել է, թե ոչ, սակայն այդ մասին խոսք եղել է, դա նախատեսվում է հետաքննությամբ, նախատեսվում էր որոշում կայացնել քրեական գործ հարուցելու մասին: Հետաքննության ընթացքում լսելով աղջիկների ցուցմունքները, հարցաքննելով այլ վկաների՝ քննությունը որոշման է եկել նման հավանականության մասին», - ասել է փաստաբանը:
Նա ընդգծել է, որ հոր գործողությունները կարող են տարբեր կերպ դասակարգվել՝ «մանկապղծություն», «սեռական բնույթի գործողություններ անելու պարտադրանք», «բռնաբարություն»:
Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսի 27-ին Մոսկվայի տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմինը բազմաթիվ վնասվածքներով: Հետաքննության տվյալներով՝ նրան դանակահարել էին երեք դուստրերը, որոնց մեղադրանք էր առաջադրվել:
Սեպտեմբերին Մոսկվայի Բասմանյան դատարանը քույրերին ազատ է արձակել քննչական մեկուսարանից՝ բավարարելով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նրանց նկատմամբ կիրառվել է որոշակի գործողություններ իրականացնելու արգելք, այդ թվում՝ համացանցի և բջջային կապի օգտագործումը:










