Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ-ն շարժվող հարյուրավոր գաղթականներ Մեքսիկայի սահման հասնելու համար ապրանքատար գնացքի վրա են մագլցել (լուսանկարներ)

17:18 • 27.04.19

Կենտրոնական Ամերիկայի երկրներից դեպի ԱՄՆ սահման շարժվող հարյուրավոր գաղթականներ ճանապարհին իրավապահ մարմինների հետ բախումներից խուսափելու համար ապրանքատար գնացքի վրա են բարձրացել, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ «Հրեշ» անունով դանդաղաշարժ գնացքի վագոնների վրա առնվազն 395 մարդ է եղել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Գաղթականների խումբն իջել է գնացքից, երբ այն Մեքսիկայի հարավային Իստեպեկ բնակավայր էր հասել:

«Մեզ թույլ չեն տալիս քայլել, մենք էլ որոշեցինք գնացքի վրա մագլցել, դա մեր միակ տարբերակն է»,- ասել է հոնդուրասցի գաղթականներից մեկը:

Այս վտանգավոր քայլից հետո շուրջ 1300 գաղթականներ փախուստի են դիմել Մեքսիկայի Տապաչուլա սահմանամերձ քաղաքում ներգաղթյալների պահման կենտրոնից, սակայն նրանց մեծ մասն ավելի ուշ կենտրոն է վերադարձել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե այդ երկրի իշխանությունները լուրջ միջոցներ չձեռնարկեն Մեքսիկայի տարածքով դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվող ապօրինի գաղթականների մուտքն արգելելու համար: