Անընդհատ քաղաքական ինտրիգ ստեղծելն անշնորհակալ գործ է, ի վերջո վայելեք ազատ պետություն ունենալը. Արարատ Միրզոյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին մասնակցում է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ով լրագրողների հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ է նշում քաղաքացու օրը, առաջարկեց շրջել և համոզվել, որ քաղաքացիներն այդ տոնն իսկապես բարձր տրամադրությամբ են նշում:
Հարցին, թե հանրային քննարկման անհրաժեշտություն չկա՞ր նախքան տոն սահմանելը, Արարատ Միրզոյանն ասաց. «Հանրային քննարկման անհրաժեշտություն բոլոր հարցերում միշտ կա և չկա, պետք է ողջախոհության սահմանը հասկանալ: Սոցիալական ցանցերում եղան մեծ քննարկումներ Քաղաքացու օրվա հետ կապված, և կարծես թե ծանրակշռող մասը կողմ էր Քաղաքացու օրվան»:
Դիտարկմանը, թե ասում են, որ սա իշխանության տոնն է, Արարատ Միրզոյանն ասաց, որ անվերջ կարող են նման կարծիքներ հնչել, և մարդ անվերջ կարող է պատասխանել դրանց:
«Ժողովուրդ ջան, դուք քաղաքացի եք, չէ՞, գիտեք, անընդհատ քաղաքական ինտրիգ ստեղծելը, փորձել ինչ-որ բան հյուսել դրա շուրջ, կարծում եմ՝ անշնորհակալ և սխալ գործ է, ի վերջո կարող եք վայելել ազատ պետություն ունենալը, դուք էլ եք քաղաքացիներ»,-ասաց Միրզոյանը:
Այնուհետև նա դիտեց լուսանկարները, ինչպես նաև շախմատ խաղաց երեխաների հետ:










