Մարոկկոյում գաղթականների տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել
Մարոկկոյում ապօրինի գաղթականների տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 17-ը տուժել են, գրում է РИА Новости-ն՝ MAP գործակալությանը հղումով:
Հաղորդվում է, որ մեքենան, որը Սահարա անապատից հարավ ընկած աֆրիկյան երկրներից գաղթականների էր տեղափոխում, ընկել է Մարոկկոյի արևելյան Սաիդիա և Նադոր քաղաքները միացնող ճանապարհին գտնվող ոռոգման ջրանցքի մեջ:
Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցները տուժածներին տարհանել և մոտակա հիվանդանոց են տեղափոխել:
Վթարի հստակ պատճառները պարզ չեն: Վթարի, ինչպես նաև ապօրինի գաղթականների տեղափոխման փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը փնտրում է մեքենայի վարորդին, որը փախուստի է դիմել դեպքի վայրից:










