Քաղաքացու օրվա միջոցառումներին մասնակցող վարչապետը փողոցում խորոված է ուտում, լուսանկարվում (տեսանյութ, լուսանկարներ)

11:59 • 27.04.19

18:50

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ միացել է տոնական միջոցառումներին, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ քայլում է Երևանի փողոցներով, լուսանկարվում քաղաքացիների հետ:

Փաշինյանը նաև մոտենում է փողոցում խորոված անող քաղաքացիներին, զրուցում ու հյուրասիրվում:





13:45

Քիչ առաջ վարչապետը հայտարարեց, որ միառժամանակ հեռանում է աշխատելու:

«Ժողովո՛ւրդ ջան, ձեր թույլտվությամբ ես մի քանի ժամ կաշխատեմ, հետո էլի կմիանամ տոնակատարությանը»,-ասաց նա:

13:13

Վարչապետը շարունակում է շրջել Երևանի փողոցներով՝ լուսանկարվելով քաղաքացիների հետ: Նա հեղափոխության թեմայով ցուցահանդեսի լուսանկարները նայեց, և նշեց, որ հեղափոխության օրերին շատ բաներ նայել է համացանցով, և վարչապետի խոսքով՝   հեղափոխության տասը տոկոսն է տեսել:

Նա հետևեց հանրային քննարկմանը և անդրադառնալով տոնին վերաբերող հարցերին՝ ասաց, որ տոնը իր համար չէ, տոնը մարդկանց համար է, եթե մարդիկ տոնում են, ուրախանում են, լավ է: Ինչ վերաբերում է հարցին, որ որոշները կարծում են, թե ժամանակ պետք է անցներ, նոր տոնը նշեին, նա ասաց. «Այդ մարդիկ մտածում են, թե անցած տարվա իրադարձություններն այնքան աննշան են, որ որևէ ձևով օրացույցում նշվելու կշիռ չունե՞ն, եթե այդպես մտածում են, ինչ ասենք, հարգում ենք իրենց կարծիքը»,-ասաց նա:

Անդրադառնալով քննադատություններին, որ գումարները կարելի էր այլ ուղղությամբ ծախսել՝ վարչապետը նշեց՝ ուրիշ ուղղություններով էլ կծախսվեն գումարները: «Ամեն ինչի մասին էլ կարելի է ասել այլ ուղղություններին, քաղաքացին այս տարի 40 միլիարդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, հարյուր միլիոն դրամ չի կարո՞ղ ծախել», -ասաց նա և նշեց, որ, ընդ որում, միայն Երևանում չի ծախսվել, այլ նաև մարզերում:

«Այս տոնն իմը չէ, ինչի՞ եք ինձ հարցնում, կառավարությունը որոշում է կայացրել,  մադկանց տվել է հնարավորություն, ի՞նչ է, մարզպետարաններին, դպրոցների տնօրեններին հրահանգվա՞ծ էր, որ երեխաներին զենքի տակ առաջնորդեն տոնելո՞ւ: Ընդամենը Մաշտոցի պողոտան է փակվել, երկու բեմ է դրվել, եթե մարդիկ կուզեն, կտոնեն: Ես այստեղ եմ որպես քաղաքացի, ես այսօր վարչապետ չեմ»,-ասաց նա:





11:59

Քաղաքացու օրվա առթիվ անցկացվող միջոցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ Մաշտոցի պողոտայում:

ՀՀ վարչապետն ասաց, որ նախորդ տարի քաղաքացին իր իշխանությունն իրականում հաստատեց այն օրը, երբ Մաշտոցի պողոտան ամբողջությամբ փակվեց։

«Այդ ժամանակ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն այլևս իրավիճակին չի տիրապետում: Հարց են տալիս, թե մյուս օրերը քաղաքացու օրը չե՞ն, իհարկե, քաղաքացու օրն է, իսկ այս օրը քաղաքացին տոնում է իր հաղթանակը: Այնպես, որ ես համոզված եմ, որ այս օրը ՀՀ պատմության համար շատ մեծ դեր է ունեցել և առաջիկայում էլ կունենա: Փոխվելու են վարչապետերը, կառավարությունները, բայց իշխանությունը չի փոխվելու, որովհետև իշխանությունը քաղաքացունն է»,– ասաց վարչապետը: