ԱՄՆ-ում գողին հետապնդելու ժամանակ ոստիկանները 3 երեխայի են վիրավորել

18:08 • 27.04.19

ԱՄՆ Օկլահոմա նահանգում ոստիկանները ենթադրյալ գողի դեմ կրակ բացելու ժամանակ 3 երեխայի են վիրավորել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան` Օկլահոմա և Տեխաս նահանգների սամանի մոտ գտնվող Հյուգո քաղաքում:

Ոստիկանությունը փորձել է «կապի մեջ մտնել» 21-ամյա Ուիլիամ Սմիթի հետ, որը կասկածվում է ապրիլի 11-ին Pizza Hut ռեստորանային ցանցում կատարված գողության համար:

Կասկածյալին հետապնդող ոստիկանները կրակ են բացել բեռնատարի վրա, որում գտնվել է երիտասարդը՝ 4 երեխաների և կնոջ հետ: Հրաձգության հետևանքով բեռնատարի 4 ուղևոր է վիրավորվել՝ կասկածյալը և 3 երեխաներ: Սմիթը հսկողության տակ է առնվել, մինչդեռ երեխաների տարիքի կամ վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հայտնի չէ՝ արդյոք բեռնատարում գտնվողները կասկածյալի երեխաներն են եղել: