Ուկրաինացիներին ՌԴ քաղաքացիության տրամադրման գործընթացը կարող է պարզեցվել
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության տրամադրման գործընթացի պարզեցումն ապագայում կարող է տարածվել Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա: Ինչպես նշում է РИА Новости-ն, այս մասին Չինաստան կատարած այցի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ոչ միայն Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններում բնակվող մարդկանց են մեր քաղաքացիությունը ստանալու նման միջոց առաջարկում: Մենք առհասարակ մտածում ենք Ուկրաինայի քաղաքացիներին մեր երկրի քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցնելու մասին»,- ասել է Պուտինը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ տվյալ որոշումն ինքնաբուխ չի եղել: «Հրամանը ստորագրելուց առաջ մենք ամեն ինչ հաշվի ենք առել՝ և՛ մեր անձնագրի հավակնորդների հնարավոր թիվը, և՛ դրանց մեջ թոշակառուների թիվը»,- պարզաբանել է նախագահը:
Այս շաբաթ Ռուսաստանի նախագահը Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների քաղաքացիներին ռուսական քաղաքացիության տրամադրման գործընթացի պարզեցման մասին հրաման էր ստորագրել: Նրա խոսքով՝ դա արվել է բացառապես մարդասիրական նկատառումներով՝ «պաշտպանելու համար իրավունքը և ազատությունը Դոնեցկի և Լուգանսկի ինքնավար հանրապետություններում, որոնց Կիևը թողել է ամբողջական մեկուսացման մեջ»:










