Արգիշտի Քյարամյանը պրոֆեսիոնալ է, իսկ թե այդ գումարները որտեղից նրան, թող պարզի Էթիկայի հանձնաժողովը. Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը բավականին պրոֆեսիոնալ է, իր գործի վարպետն է և ՊՎԾ-ում աշխատանքի առաջին իսկ օրվանից մեծ օգուտ է տվել, իսկ իր հայտարարագրած ունեցվածքը ձեռք է բերել մինչև պետական որևէ աշխատանքի անցնելը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավոր դադարեցված են)՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի ունեցվածքի վերաբերյալ վերջինիս տված պարզաբանումներին:
«Մարդը բացատրեց իր ֆինանսական միջոցների մասին և միանգամից հարձակվում են, առաջին օրը մի քիչ լավ չբացատրեց, կամ չցանկացավ բացատրել՝ հաշվի առնելով, որ ինքը դա ձեռք է բերել մինչև պետական որևէ աշխատանքի անցնելը, այսինքն՝ թող հիմա հետաքննություն անեն, էթիկայի հանձնաժողովով կա, թող պարզեն այդ գումարները որտեղից է»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ այդ մարդը լուրջ գործով է զբաղված և վստահություն հայտնեց, որ ավելի լուրջ գործերով է զբաղվելու ապագայում:
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել, այնուհետև ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող մորեղբայրը՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չի համարել։
Անդրադառնալով Քաղաքացու օրը նշելուն՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ այսպես զբոսնելու է քաղաքով, շնորհավորելու է քաղաքացիներին: «Այս նվաճած. վաստակած օրը հպարտություն եմ զգում, տարիների մեր քաղաքացիների չարչարանքի, ապաշխարանքի օրն է այսօր, մեր մեջքը այսօր ուղիղ պահելու օրն է»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ ամեն մեկը ինքը պետք է որոշի օրվա բովանդակությունը ինչպես է լրացնում: «Քաղաքացին պետության սիմվոլներից մեկն է, այս սիմվոլը պետք է արժևորել, ամենակարևոր սիմվոլն է պետության, քանի որ առանց քաղաքացու գոյություն չունի պետություն»,-ասաց նա:










