Հռոմի պապը 500 000 դոլար է նվիրաբերել լատինամերիկացի ներգաղթյալներին օգնելու համար

11:40 • 28.04.19

Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կես միլիոն դոլար է նվիրաբերել Մեքսիկայի տարածքում գտնվող տասնյակ հազարավոր լատինամերիկացի ներգաղթյալների օգնության համար, հայտնում է CNN-ը:

Վատիկանի փոխանցմամբ՝  հատկացված գումարը կօգտագործվի ներգաղթյալների կացարանի, սննդի հարցը լուծելու և այլ կարիքները հոգալու համար:

Կես միլիոն դոլարը կբաշխվի մեքսիկական 16 թեմերի միջև և կօգտագործվի 27 բարեգործական նախագծի իրականացման համար:

Վատիկանի հայտարարությունում նշվում է, որ բազմաթիվ կանայք, տղամարդիկ և երեխաներ, փախչելով իրենց երկրներում աղքատությունից ու բռնություններից, ավելի լավ կյանքի հույսով ուղևորվում են դեպի Միացյալ Նահանգներ: Սակայն ԱՄՆ-ի սահմանը շարունակում է փակ մնալ նրանց համար:

Նշվում է, որ մոտ 75 000 ներգաղթյալ Հոնդուրասից, Էլ Սալվադորից և Գվատեմալայից «քարավաններով» հասել են Մեքսիկա և այժմ, չկարողանալով հատել Միացյալ Նահանգների սահմանը, մնացել են առանց կացարանի և օգնության: