Իսպանական Վիլյարոյա համայնքի բոլոր բնակիչները քվերակել են մեկ ու կես րոպեում
Իսպանիայի Ռիոխա ինքնավար համայնքի Վիլյարոյա բնակավայրի բոլոր բնակիչների՝ խորհրդարանական ընտրություններում քվերակության համար մեկ ու կես րոպե է պահանջվել: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:
Ինչպես աղբյուրը հայտնում է, ավանում 6 մարդ է բնակվում՝ 35-72 տարիքի սահմաններում: Ի դեպ, նրանցից երկուսն ընդգրկված են ընտրական հանձնաժողովի կազմում:
Վիլյարոյայի վարչակազմի ներկայացուցիչ Կլառա Մարտինեսի խոսքով՝ 2015 թվականի ընտրությունների համեմատ՝ իրենք ուշացրել են կես րոպեով, քանի որ ստիպված են եղել հեռախոսով զեկուցել և ընտրատեղամասը փակելու թույլտվություն խնդրել նահանգի ղեկավարությունից:
Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք պետք է տեղի ունենային 2020-ին, սակայն երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը արտահերթ ընտրություններ է հայտարարել, երբ պատգամավորների Կոնգրեսը հրաժարվել է հաստատել կառավարության առաջարկած բյուջեի նախագիծը 2019 թվականի համար:










