«Ամբերդ ամրոցի» հարակից տարածքի սեփականատերերն ընդունել են մեղքի իրենց բաժինը, շինաշխատանքները դադարեցված են. Քաղաքաշինության կոմիտե

14:44 • 29.04.19

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով և, առհասարակ, որևէ տեսակի աշխատանքները դադարեցված են։ Ամբերդն ազգային հարստություն է, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են։։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, այս մասին ասել է Կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Ամբերդի հարակից տարածքում շինաշխատանքներ իրականացնող Սիրակ և Մանուկ Մանուկյանների հետ հանդիպման ընթացքում:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Զբոսաշրջային զարգացման նպատակ հետապնդող ցանկացած նախաձեռնություն այս տարածքում պետք է արվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած նախագծի հիման վրա, երբ արդեն իսկ առկա կլինեն հնագիտական եզրակացությունները: Այստեղ անհրաժեշտության դեպքում կկատարվեն հնագիտական պեղումներ: Տարածքի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններն ընդունել են իրենց բաժին մեղավորությունը, և խնդրել միասին քննարկումների ու մասնագետների աջակցությամբ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել:

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում և դիտման գոտում որևէ միջամտություն հարկավոր է անել չափազանց զգուշավորությամբ և համայնապատկերին համահունչ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ նմանօրինակ դեպքերը բացառվելու են, լինելով անձամբ իր և պատասխանատու մյուս կառույցների ուշադրության ներքո»: