Վայոց Ձորի մարզում ոչ ոք ոչ ոքի չի փորձել ծեծել. Արման Աբովյան

04:27 • 29.04.19

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է ապրիլի 27-ին Եղեգնաձորում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից:


«Այսօր՝ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը, շատ տարօրինակ տեսանյութ էր հրապարակել, որտեղ անթաքույց և հուզված մեղադրում էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանին և առհասարակ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը՝ հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ։

Սկսեմ սկզբից. որոշակի տեղեկության համաձայն՝ «Քաղաքացու օրը» նշելու ընթացքում, Վայոց Ձորի մարզում, տեղի է ունեցել իբր մի միջադեպ փոխմարզպետի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանի միջև։ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը շատ հուզված պնդում էր, որ ԲՀԿ պատգամավոր՝ Բագրատյանը, հայհոյել է ինչ-որ փոխմարզպետի և քիչ էր մնում ծեծի ենթարկեր (այս պահին իմ աչքերը սկսեցին զարմանքից կլորանալ):

Առաջին հերթին, կցանկանայի մի երկու պարզաբանում տալ՝ այդ բացարձակ ապատեղեկատվության վերաբերյալ, որը ցավոք հնչեցվեց մեր գործընկերներոջ կողմից, չգիտեմ գիտակցաբար թե ոչ, կամ գուցե՝ անփորձության և ավելորդ էմոցիայի ազդեցության տակ։

Առաջին` ոչ ոք, ոչ ոքի չի փորձել ծեծել ։ Դա սուտ է և փաստացի զրպարտություն
կամ փոխմարզպետի հիվանդագին երևակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր՝ ոչ ադեկվատ և տարօրինակ պահվածքը։ 

Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին, վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ոչ էլ տեղի է ունեցել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի և փոխմարզպետի կողմից նկարագրված միջադեպը (ավելի ճիշտ, ոչ այն սցենարով, որը հուզված ներկայացնում է մեր գործընկերը)։

Ինչևիցէ, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին դատել սթափ, հազար անգամ մտածել և մանրակրկիտ վերստուգել տեղեկությունները հրապարակելուց առաջ , հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ի վերջո քաղաքական պատասխանատվություն գոյություն ունի)։

Ինչ վերաբերվում է միջադեպին, ապա ես ուղղակի հորդորում եմ մեր գործընկերներին հետևություններ անել ստեղծված իրավիճակից և առաջին հերթին բացատրել իրենց թիմակից փոխմարզպետին, որ, այո՛, «իրավիճակ է փոխվել» և պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարհավոր չէ «անուն» ձեռք բերել։

Իսկ թե ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է այդ սադրանքն իրականացվել, հարկ եղած դեպքում անպայման կանդրադառնամ, շատ եմ ուզում կարծել, որ սա պարզապես թյուրիմացություն է։ Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները և ըստ այդմ կանենք վերջնական եզրակացություններ։

Հ.Գ. Տարօրինակ է, որ վերջերս շատ են մեզ փորձում ցուցումներ տալ մեր կոլեգաները։ Դա ոչ ցանկալի կասկածների տեղիք է տալիս»,- գրել է Աբովյանը: