Թուրքիայում ԱՄԷ-ի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալված անձն ինքնասպան է եղել
Թուրքիայում Արաբական ՄիացյալԷմիրությունների օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալված երկու անձանցից մեկն ինքնասպանություն է գործել, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը: Ըստ առկա տվյալների՝ դա տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու գտնվող Սիլիվրի քաղաքի բանտում:
Ավելի վաղ Anadolu գործակալությունը հաղորդել էր, որ կասկածյալների ձերբակալությունը տեղի էր ունեցել Ստամբուլի դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակներում: Ձերբակալվածները խոստովանել էին, որ լրտեսւոմ են Արաբական միացյալ Էմիրությունների օգտին:
Աղբյուրի խոսքով՝ հետաքննություն է սկսվել, որի արդյունքում կպարզվի՝ արդյոք ձերբակալվածներից մեկը կապ ունի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր անցած տարվա հոկտեմբերին՝ Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում, mինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է: Ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:










