Ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ պետք է քննարկել դրա հետ կապված հանգամանքները. Ռ. Ռուբինյանը՝ Գ. Ծառուկյանի մանդատի հարցով առաջարկի մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հետ աշխատանքային քննարկումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ քննարկման թեման խմբակցության առաջիկա աշխատանքների հետ կապված հարցերն են եղել, որոնց հետ միասին քննարկվել են նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկությունը:
«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը, հիշեցնենք, դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ԱԺ նախագահը այդ հարցով հանդես կգա հայտարարությամբ։
«Այդ հարցերի թվում նաև եղել է անդրադարձ ՔՈ-ի առաջարկի հետ կապված: Ընդհանուր աշխատանքային քննարկում է եղել, սակայն դիրքորոշման ձևավորումը մեր խմբակցության տիրույթում է, և այս քննարկումը խմբակցության նիստ չէր։ Առաջիկայում խմբակցության նիստ կկայանա, և ըստ այդմ, կգանք եզրակացության»,- ասաց Ռուբինյանը, ով նշեց, որ այսօր ԱԺ նախագահի հայտարարություն չի սպասվում։
Իսկ թե ինքն անձամբ ինչ դիրքորոշում ունի, արդյոք շահերի բախում կա, թե ոչ, նշեց, որ իր անձնական դիրքորոշումն այն է, որ Գագիկ Ծառուկյանի որոշ հայտարարություններ տարակարծությունների կամ կասկածների տեղիք են տալիս։ «Եվ արժի, որպեսզի հստակեցվի՝ ի վերջո ինչ են նշանակում որոշ արտահայտություններ»,-ասաց նա և նշեց, որ գուցե գործ ունեն շահերի բախման հետ:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցությունը չնախաձեռնեց նման ընթացակարգ և չբարձրացրեց հարցը մինչև ՔՈ դիմումը, Ռուբինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ամեն ինչ ունի իր ժամանակը, և անշնորհակալ գործ է քննարկել, թե ով ինչ է արել առաջինը»։
Մյուս հարցին, թե ինչո՞ւ է ուշանում «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն, որ ՔՈ կուսակցությունը հստակ հղումներ է արել ՀՀ օրենսդրությանը, պատգամավորը պատասխանեց. «Պատճառն այն է, որ ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ պետք է քննարկել որոշման հետ կապված հանգամանքները և վստահանալ, որ ամեն ինչ կատարվում է տրամաբանության և լեգիտիմության շրջանակներում»։
Հարցին, թե ըստ նրա՝ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թե գործարար, պատասխանեց. «Քաղաքական գործիչ է, թղթաբանորեն նա ունի սեփականություն, թղթաբանորեն ԱԺ պատգամավոր դառնալուց առաջ իր բիզնեսները հանձնել է կառավարման, իսկ թե ինչպես է իրականում, ես ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնի անել պնդումներ, թե դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Ի վերջո, հենց այս նախաձեռնությունը նրա մասին է՝ գործ ունենք թղթաբանության համընկման, թե չհամընկման հետ»:










