Ինչպես կառուցել լեգենդար բրենդ և անթերի սպասարկում տրամադրել. hանրահռչակ Ջոն Շոուլը Երևանում հանդես եկավ սեմինարով (լուսանկարներ, տեսանյութ)
Skill.am-ի հրավերով Երևանում է սպասարկման մշակույթի առաջատար մասնագետ, ամերիկյան Service Quality Institute ընկերության հիմնադիր ու նախագահ Ջոն Շոուլը: Նա հանդես է եկել սեմինարով, որտեղ ներկայացրել է սպասարկման ոլորտի յուրահատկությունները, առաջարկել գործիքներ և մոտեցումներ, որոնք կօգնեն բրենդներին տարբեր խնդիրների լուծման հարցում:
Tert.am-ի հետ զրույցում Շոուլն ասաց՝ այստեղ է, որ սովորեցնի հայաստանյան ընկերությունների ղեկավարներին բարձր մոտիվացված աշխատուժ ստեղծել, լեգենդար բրենդ կառուցել և անթերի սպասարկում տրամադրել:
Մոտիվացիոն սփիքերին հարթակ տրամադրող skill.am կայքի հիմնադիր Սերգեյ Ուսնունցն իր հերթին անդրադարձավ այս տեսակ սեմինարների կարևորությանը:
«Այսօր IT ոլորտը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է: Այն ստեղծում է հազարավոր աշխատատեղեր: IT-ի հետ համընթաց զարգանում է նաև սպասարկման ոլորտը: Նմանատիպ սեմինարները հնարավորություն են տալիս ծանոթանալու ոլորտի մասնագետների փորձի հետ, իսկ դա անմիջապես զարգացնում է մեր տեղականը»,-ասաց նա:
Շոուլի սեմինարներն ունեն միջազգային ճանաչում: Դրանք անցկացվել են Մեքսիկայում, Կանադայում, Բրազիլիայում, Սինգապուրում, Իսրայելում, Ռուսաստանում: Հայաստանում տեղի ունեցող սեմինարը նախատեսված էր հաճախորդամետ բիզնեսի սեփականատերերի, հաճախորդների սպասարկման ոլորտի մասնագետների, ընկերությունների ավագ մենեջերների համար: Սեմինարի առաջին մասը հարց-պատասխան ձևաչափով էր: Ցանկացողները հնարավորություն ունեինք բարձրացնել ոլորտի զարգացմանը խթանող «կենսական» հարցեր:
Հիշեցնենք, որ Skill.am հարթակի գործունեության կարևոր ուղղություններից մեկը թրեյնինգներ, սեմինարներ, վարպետաց դասեր կազմակերպելն է: Հայտնի բեմից բազմիցս ելույթ են ունեցել այնպիսի անվանի սփիքերներ, ինչպիսիք են Բրայան Թրեյսին, Կյել Նորդստրյոմին: Նրանք կիսվել են իրենց սեփական փորձով և մոտիվացրել ունկնդիրներին:



































