Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատում են, նրա կյանքին վտանգ չի սպառնում. Ա. Հովհաննիսյան

21:47 • 30.04.19

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած Արգիշտի Սեփխանյանին այս պահին վիրահատում են. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, թե չի կարող ասել՝ բարդ վիրահատություն է, թե ոչ, բայց բավական երկար վիրահատություն է տանում գլխից:

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:

Քննչական կոմիտեից Tert.am-ին նաև հայտնել էին, որ հրազենային բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-հայտնել էին ՔԿ-ից: