Քաղաքացու օրը Սերգեյ Բագրատյանը փորձեց նսեմացնել փոխմարզպետին և ցույց տալ, որ այդ տարածքում ինքն է գերիշխողը. Եղեգիսի բնակիչ

13:53 • 30.04.19

Քաղաքացու օրը որպես օրենսդիրի ներկայացուցիչ՝ Սերգեյ Բագրատյանը փորձեց նսեմացնել փոխմարզպետին և ցույց տալ, որ այդ տարածքում ինքն է գերիշխողը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Եղեգիս համայնքի կողմից լիազորված ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ անդրադառնալով ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին:

«Ցավում եմ, որ կային քաղաքացիներ, ովքեր զարմացած էին, թե ոնց կարող էր Սերգեյ Բագրատյանն իրեն թույլ տալ այդպիսի բան: Ես հայտարարում եմ, որ Սերգեյ Բագրատյանի կենսագրության մասնիկն է նման իրավիճակներ ստեղծելը և նման քայլեր անելը: Ինքն է այն անձնավորությունը, որը ոչ միայն Եղեգիսում, այլ ամբողջ Վայոց Ձորում ստեղծել է այն միջավայրը, որ ինքն է տնօրինում և ինքն է որոշում ամբողջ իրավիճակը: Ես տեսա Եղագնաձորում տեղի ունեցածի արձագանքը և ուզում եմ, որ մեր քաղաքացիների համար հասկանալի դառնա՝ իրականում ով է Սերգեյ Բագրատյանը»,- նշեց նա:

Տիգրան Եղոյանի խոսքով՝ Եղեգիս խոշորացված համայնքի բնակչությունն առաջիններից էր, որ ընդվզեց այն ժամանակ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ. «100 օր բնակչությունը պայքարում էր իր դրած գյուղապետի դեմ»:

«2000 թ. երբ տեղի ունեցան Արտաբույնք գյուղի ընտրությունները, այդ ժամանակ Սերգեյ Բագրատյանը լինելով մարզպետ, ինքը քվեախուց ներխուժեց և փորձեց քվեատուփը գողանալ, որից հետո միջամտեց ոստիկանը, և ինքը հարվածեց ոստիկանին: Կան դրա բոլոր ապացույցները: Նա այդ ժամանակ Քաղաքացու օրվա միջադեպի մասնակից Արմեն Սեդրակյանին էր բացահայտ աջակցում: Սերգեյ Բագրատյանին բերման ենթարկեցին այդ ժամանակ, բայց գործը կարճվեց, որովհետև ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ էր»,- ասաց Եղեգիսի բնակիչը:

Տիգրան Եղոյանը վստահեցրեց, որ որևէ մեկի շահերը չի պաշտպանում. «Մի քանի անգամ ենք շփվել փոխմարզպետի հետ՝ Եղեգիս համայնքի խնդիրների հետ կապված, նույնիսկ մեր մեջ եղել են տարաձայնություններ, բանավեճեր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ: Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքել է իր մասնակցությունը միջադեպին:

Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որոնք կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն: