ԲԴԽ-ն քննել է 3 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու միջնորդություններից 2-ը, 1-ը հետաձգվել է՝ դատավորի խնդրանքով. Գագիկ Հարությունյան
Կարգապահական հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել 3 միջնորդություն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորներ` Նելլի Բաղդասարյանի, Հարություն Մանուկյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարույթների վերաբերյալ, ըստ որոնց, վերջիններս տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Միջնորդություններից 2-ը քննվել է, նշանակվել է որոշման հրապարակման ժամկետ, իսկ 1-ը հետաձգվել է՝ դատավորի խնդրանքով: Դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմեց խորհրդին և ասաց, որ հիվանդ է, բայց ցանկանում է մասնակցել նիստին, ուստի խնդրեց 5 օրով հետաձգել նիստը: Մենք հետաձգեցինք: Միաժամանակ դատավորը միջնորդություն է ներկայացրել նաև, որ նիստն անցկացվի դռնփակ»,- ասաց Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ մյուս երկու դատավորները ևս միջնորդություն էին ներկայացրել՝ նիստը դռնփակ անցկացնելու համար:
Հարցին՝ դատավորների վերաբերյալ ինչ որոշում կարող է կայացվել, Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ եթե կա էական խախտում, ընդհուպ հնարավոր է դադարեցնել դատավորի լիազորությունները։
«Եթե կա ապացուցված կոպիտ խախտում, եթե դատավորի գործողությունները կամ անգործությունը դատական իշխանությանը վարկաբեկում են, այս դեպքում ԲԴԽ-ն կարող է 3 որոշումներից մեկը կայացնել՝ խիստ նկատողություն, նկատողություն և զգուշացում: Սրանք իրավական բովանդակություն ունեն: Խիստ նկատողության դեպքում, եթե նորից կարգապահական խախտում եղավ, ապա լիազորությունները դադարեցնելու պահանջ կարող է ներկայացվել, եթե նկատողությունից հետո երկու տարվա ընթացքում կրկնվեց, ապա այս դեպքում ևս կարող է ներկայացվել լիազորությունները դադարեցնելու պահանջ: Եթե չկրկնվեց, ապա դուրս է գալիս: Այստեղ ամեն ինչ պարզ է, Խորհրդին մնում է ներկայացված միջնորդության հիմնավորումները գնահատել, բաղդատել օրենքների դրույթների հետ, տեսնել՝ արդյոք խախտումները առկա են, թե ոչ»,– ասաց ԲԴԽ նախագահը:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ բացի պատասխանատվության ենթարկելուց, ԲԴԽ-ն կարող է նաև մերժել Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը:
Հարցին՝ ինչ պատճառաբանությամբ է Հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցել՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ արդարադատություն իրականացնելուց խուսափում:










