Վարորդական իրավունքի քննությունները կանցկացվեն և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում. ՃՈ պետի տեղակալ
Հայաստանում վարորդական իրավունքի ձեռքբերման կարգը խստացվելու է. երթևեկության քննություններն անցկացվելու են և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում: Այս մասին այսօր Ոստիկանության մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ընդունել է պարտավորություն մինչև հունիսի 1-ը միանալու Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության ճանապարհային քարտեզներին, որի արդյունքում մի շարք օրենքներում և որոշումներում իրականացվում են փոփոխություններ: Մասնավորապես, որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի արտաքին տեսքի, ձևի հետ կապված:
«Մեզ մոտ, օրինակ, երթևեկության քննությունն անցկացվում էր կամ ավտոհրապարակում, կամ երթևեկության իրական պայմաններում: Նոր փոփոխություններով նախատեսվում է անցկացնել և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում»,- հայտնեց ՃՈ պետի տեղակալը:
Նա նաև տեղեկացրեց, որ զուգահեռ փոխվելու են նաև որակավորման քննություն ընդունելու ժամանակահատվածները:
«Փոփոխություն կա նաև C կատեգորիայի մասով: Ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում քաղաքացուն A, B, C կատեգորիաների համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել, իսկ ներկայիս պահանջով պրոֆեսիոնալ վարորդները՝ C կատեգորիայի, պետք է անցնեն կրթական պրոցեսներով»,- նշեց Արթուր Տոնոյանը:










