Տարբեր կասկածներ ունեմ, բայց չեմ ցանկանում դրա մասին խոսել, ես շարունակում եմ հարգալից վերաբերմունք ունենալ վարչապետի նկատմամբ. Դավիթ Սանասարյան

15:31 • 30.04.19

Տարբեր կասկածներ ունեմ, բայց չեմ ցանկանում դրա մասին խոսել, ես շարունակում եմ իմ հարգալից վերաբերմունքը հատկապես վարչապետի նկատմամբ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են՝ պատասխանելով Tert.m-ի հարցին, թե արդյոք իշխանության ներսում հակահեղափոխականներ տեսնո՞ւմ է, և արդյոք որոշները վտանգ էին տեսնում նրա գործողություններում իրենց համար, որ փորձել են հեռացնել ձեզ:

«Շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է իրականացնի, բայց նա չի կարող խառնվել ո´չ դատախազի, ո´չ քննիչի հարցերին: Ոչ մեկը չի ասել, թե  խնդիրներ գոյություն չունեն, շարունակական պայքար կա այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ: Իրավական համակարգը պետք է համապատասխանի նոր Հայաստանի պահանջներին: Այստեղ կա կռվան և այդ կռվանը պետք է տանի իրավական լուծման, որևէ անձ չպետք է որևէ ազդեցություն ունենա»,-շարունակելով պատասխանել՝ ասաց նա:

Նա նաև նշեց, որ երբ սկսել է չհամագործակցել քննչական մարմնի հետ, հստակ ներկայացրել է, որ տեսնում է, որ կանխակալ մոտեցումներ կան, սակայն երբ գործը այլ քննչական մարմին ընդունվի, շատ ավելի հստակ ձևով կաջակցի, որ գործը բացվի:

«Բայց ես հիմա խնդիր եմ տեսնում, որ մեր ներկայացված տեղեկատվությունն առանց լուրջ ուսումնասիրության՝ գնացել են մեղադրանքի որոշում կայացնելու, դրանից տուժում է նոր Հայաստանը, երբ կանխակալ մոտեցումներ են լինում: Գոնե ուրիշ բանի մեջ մեղադրեին, ասեինք՝ հա, ինձ կոռուպցիայի՞ մեջ, աբսուրդ է»,-ասաց նա: Նա նաև ավելացրեց, որ ՊՎԾ-ին սուպեր իրավասություններ է տրված, և գուցե շատերին դա անհանգստացնող է: