Փոքր երկրները պետք է ունենան կոնցեպտ, կիբերանվտանգություն, առանձնանան իրենց իմիջով. «Փոքր պետությունների հեռանկարը» թեմայով քննարկում

22:07 • 30.04.19

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի ունեցավ «Փոքր պետությունների հեռանկարը» թեմայով քննարկում, որի ժամանակ բանախոսները խոսեցին Հայաստանի պես փոքր պետությունների ապագայի, խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նշեց, որ Ամերիկյան համալսարանում անցկացվում է փոքր պետությունների ուսումնասիրություն, որի նպատակն ապագայում ինստիտուցիոնալ կենտրոնի հիմնումն է:

Ն. Մկրտչյանը ներկայացրեց փոքր պետությունների դերն աշխարհում: Նա ասաց, որ փոքր երկրները պետք է ունենան կոնցեպտ, ուղղություն, որոնց համար անհրաժեշտ են մի քանի բաղադրիչներ՝ համապատասխան ինստիտուտներ, անվտանգություն, որը Հայաստանի պարագայում առանցքային է:

«Որպես կոնցեպտ փորձում եմ շրջանառության մեջ դնել «փոքր, բայց խելացի» եզրույթը, որի համար պետք է ներգրավվել բարձր տեխնոլոգիաներ: Փոքր պետության համար անհրաժեշտ է, որ երկրում լինեն այն ինստիտուտները, որոնց մասին հեղափոխությունից հետո պարբերաբար խոսվում է: Խոսքը ներառական ինստիտուտների մասին է:

Երկրում պետք է հնարավորություն տրվի ստեղծելու խթանիչներ, որ մարդու ստեղծագործ միտքը դառնա իրականություն: Հայաստանը, լինելով ֆիզիկապես փոքր երկիր, հնարավորություն կունենա Հայաստանում գեներացնել միտք, ստեղծել նոր գաղափար, նոր գիտելիք և արտահանել այն»,- մանրամասնեց պատգամավորը:

Նարեկ Մկրտչյանն ասաց, որ Հայաստանը կարող է որպես փոքր երկիր լինել գիտելիք արտադրող ու արտահանող: Ըստ նրա՝ փոքրությունն առանձնահատկություն է, պարզապես այն պետք է կոնցեպտուալացվի:

Քննարկմանը մասնակցում էր Իսլանդիայի համալսարանի դոցենտ Սիլբա Բարա Օմարսթութտին, ով խոսեց «Տարածաշրջանի դիվանագիտություն և բրենդինգ. գենդերային հավասարությունը Իսլանդիայի արտաքին քաղաքականության մեջ» թեմայով:

Օմարսթութտին նշեց, որ հատկապես փոքր երկրները պետք է առանձնանան իրենց իմիջով, ձեռքբերեն որոշակի առանձնահատկություններ մրցակցային լինելու համար: Նա բերեց Իսլանդիայի օրինակը՝ նշելով, որ իրենց առանձնահատկությունը ժամանակի ընթացքում դարձել է գենդերային հավասարությունը, կանանց մասնակցությունը քաղաքական-հասարակական կյանքում:

«Մեր երկրի վարչապետը կին է՝ Կատրին Յակոբսդոուտին, ով օրինակ է ծառայում այդ նպատակին: Շատ կարևոր է կանանց մասնակցությունը հասարակական հետաքրքրություն ունեցող հարցերում, բողոքի ցույցերում և այլն»,- նշեց նա:

Քաղաքագիտական գիտությունների թեկնածու Անահիտ Փիրուզյանը իր ելույթում կարևորեց կիբերանվտանգության հարցը: Նա նշեց, որ ինքն ուսումնասիրել է այն հարցը, թե արդյոք փոքր պետությունները կիբերտիրույթում հանդիպում են ավելի մեծ դժվարությունների, քան մեծ տերությունները:

«Փոքր տերությունների առանձնահատկություններից պետք է օգտվել, Հայաստանը պետք է ակտիվ լինի, դառնա կիբերդիվանագիտության մաս, կարողանա մասնակցել ընդհանուր փոփոխություններին»,- ասաց Անահիտ Փիրուզյանը:

Ըստ նրա՝ փոքր երկրները պետք է ունենան կիբերանվտանգության ռազմավարություն: Նա ցավով նշեց, որ Հայաստանում տարվում են նման ռազմավարության մշակման աշխատանքներ, բայց փաստաթուղթ առայժմ չկա:

«Մենք չունենք նաև բնորոշումներ, թե որոնք են կիբերզգայուն միջադեպեր, որոնք՝ ոչ: Սա դժվարություններ է առաջացնում, օրինակ, ջրային ռեսուրսների կամ էլեկտրականության պաշտպանության համար: Պետք է լինեն հատուկ չափորոշիչներ, բայց ենթակառուցվածքները մասնավորի ձեռքում են»,- մանրամասնեց քաղաքագիտական գիտությունների թեկնածուն:

Փիրուզյանը նաև ասաց, որ Հայաստանը կիբերանվտանգության խոցելիության առումով զիջում է թե՛ Վրաստանին, թե՛ Ադրբեջանին: «Մենք բավական ցածր ցուցիչներ ունենք: 160 երկրների շարքում այս տարի Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը, Վրաստանը՝ 18-րդն է, Ադրբեջանը՝ 5-րդ տասնյակում: Անելիքներ շատ ունենք»: