ՀԱՀ-ում հազարավոր հանքափորներ վթարի պատճառով արգելափակվել են 1,5 կմ խորությամբ հանքավայրում
Հարավաֆրիկյան Հանրապետությունան Ռյուստենբուրգ քաղաքում աշխատակիցներին դուրս բերելու գործընթացի հետ կապված վթարի հետևանքով շուրջ 1800 հանքափոր արգելափակվել է Sibanye ընկերությանը պատկանող պլատինի հանքավայրում, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Այլ լրատվամիջոցներ հաղորդում են 3000-4000 արգելափակվածների մասին:
Ընկերությունը աշխատակիցներին վերև բարձրացնելու համար հնարավոր տարբերակներ է դիտարկում, սակայն հայտնի չէ՝ երբ հանքափորները դուրս կհանվեն:
«Նրանք շատ մեծ համալիրում են և բավականին ապահով են: Նրանք ջուր ունեն, իսկ տարածքում բավարար չափով օդափոխություն է կատարվում»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Ուելլսթեդը:
Հաղորդվում է, որ հանքափորները 1,5 կմ խորության վրա են գտնվում: Տուժածների մասին տեղեկություններ չկան:










