Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Չակաո շրջանի ոստիկանությունը РИА Новости գործակալությանը հաստատել է անկարգությունների փաստը և տուժածների առկայությունը, սակայն հստակ թվեր չի հայտնել, քանի որ դեռևս տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, իր կողմնակիցների հետ հավաքվել է մայրաքաղաքի «Կառլոտա» ռազմական բազայի մոտ գտնվող մայրուղում:
Ավելի վաղ նա կոչ էր արել ժողովրդին և բանակին փողոց դուրս գալ՝ աջակցելու «Ազատություն» գործողությանը, որի նպատակը երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելն է: Վերջինս իր հերթին հայտնել է, որ երկրի զինված ուժերը հավատարիմ են մնում իշխանություններին:










