Տավուշում վիրավորված զինծառայողի վիրահատությունն անցել է բարեհաջող, վիճակը կայուն է. Արծրուն Հովհաննիսյան
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:
Քննչական կոմիտեից Tert.am-ին նաև հայտնել էին, որ հրազենային բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-հայտնել էին ՔԿ-ից:










