CNN-ն ու BBC-ն Վենեսուելայում արգելափակվել են
CNN հեռուստաընկերությունն ու BBC հեռուստառադիոկայանը Վենեսուելայում արգելափակվել են: Այս մասին հայտնում է CNN-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ նման որոշման պատճառ է հանդիսացել ընդդիմության հանրահավաքների հեռարձակումը:
Հեռուստաընկերություններն արգելափակվել են Վենեսուելայի ազգային հեռահաղորդակցության հանձնաժողովի հրամանով: Նշվում է, որ CNN-ի ցուցադրությունը դադարեցվել է Կարակասում կառավարության դեմ ցույցերի ժամանակ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել:
Այսօր առավոտյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, իր կողմնակիցների հետ հավաքվել էր մայրաքաղաքի «Կառլոտա» ռազմական բազայի մոտ գտնվող մայրուղում:
Ավելի վաղ նա կոչ էր արել ժողովրդին և բանակին փողոց դուրս գալ՝ աջակցելու «Ազատություն» գործողությանը, որի նպատակը երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելն է: Վերջինս իր հերթին հայտնել է, որ երկրի զինված ուժերը հավատարիմ են մնում իշխանություններին:










