Դրոշի ճիշտ օգտագործման հետ կապված վարչապետի հորդորները տեղ չեն հասել, Շիրակի մաքսատանը դրոշն օգտագործվում է որպես վարագույր. Կարեն Պետրոսյան (տեսանյութեր)

12:54 • 01.05.19

Դրոշի ճիշտ օգտագործման հետ կապված վարչապետի հորդորները տեղ չեն հասել, Շիրակի Հյուսիսային մաքսատուն–վարչությունում դրոշն օգտագործվում է որպես վարագույր: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութերով ներկայացնում է Հյուսիսային մաքսատանը հայտնաբերված, իր խոսքով՝ նույն խախտումները, ինչը Նորագավիթի մաքսատանը հայտնաբերել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևի պարոն վարչապետը պետին պետք է փոխանցի, որ այս տարածքում չի կարող դրոշն օգտագործվել այն նպատակով, ինչ նպատակով, որ օգտագործվում է: Եվ այս ամենն այն բանից հետո, երբ աղմկահարույց դեպքերն եղան: Այս մաքսատան պետը ևս համապատասխան պատժի պետք է ենթարկվի ինչպես նախորդները»,- նշել է Կարեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին  Արարատյան մաքսատուն կատարած շրջայցի ընթացքում աշխատասենյակներից մեկում տեսել էր ՀՀ դրոշը կեղտոտ վիճակում անկյունում դրված։ Վարչապետը հանձնարարել էր աշխատանքից հեռացնել այդ սենյակի բոլոր աշխատակցներին:

Տեսանյութում Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավար Ռուսլան Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը վիճաբանում են։ Կարեն Պետրոսյանի հարցին, թե դրոշն ինչու է վարագույր օգտագործվում, մաքսատան պետը պատասխանում է. «Տեսել ենք, որտեղ պետք է, ներկայացրել ենք խնդիրը: Այդ տարածքը ոստիկանության տարածքն է»:

«Ձեր տարիքը, գիտելիքները և փորձը չեն համապատասխանում այստեղ աշխատելու։ Ինչո՞ւ եք անհարգալից խոսում քաղաքացու հետ։ Պիտի սովորեցնեն, թե ո՞նց շփվեք քաղաքացիների հետ, հետո նոր պաշտոններ վստահեն»,- նշեց Կարեն Պետրոսյանը:

Մաքսատան պետի աշխատասենյակում Կարեն Պետրոսյանը, դիմելով մաքսային ձևակերպումների բաժնի պետ Աստղիկ Միրոյանին, հետաքրքրվեց, թե ինչու են մերժել քաղաքացուն հաշիվ ապրանքագրով մաքսազերծում իրականացնել, ինչին ի պատասխան մաքսատան աշխատակիցն ասաց, որ հաշիվ ապրանքագիրը ոչ հավաստի է եղել:

Մանրամասները՝ տեսանյութերում: