Հնդկաստանում ականապատված ոստիկանական մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

14:24 • 01.05.19

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում պայթյունի հետևանքով ռազմական ոստիկանության առնվազն 15 աշխատակից է զոհվել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Չհատտիսգարհ նահանգի հետ սահմանին՝ Գադչիրոլի շրջանում, որտեղ առավել ակտիվ գործունեություն են ծավալում մաոիստ զինյալները:

Նախնական տվյալներով՝ զինյալները ոստիկանական մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարք են ակտիվացրել:

Մաոիստ զինյալներն ակտիվ գործունեություն են ծավալում Հնդկաստանի մի շարք նահանգներում: Նրանք պարտիզանական պատերազմ են վարում՝ թաքնվելով ջունգլիներում և իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ հարձակման համար պարբերաբար բնակելի վայրերի ուղղությամբ գրոհներ իրականացնելով:

Ծայրահեղականները 1960թ.-ից պատերազմում են Հնդկաստանի կենտրոնական կառավարության դեմ և իրենց նպատակը «գյուղացիներին կապիտալիզմի հալածանքներից ազատագրելն» են համարում: