«Ժողովուրդն արդեն հոգնել է այս իշխանություններից». Ղազախստանում ցուցարարները կոչ են անում բոյկոտել նախագահական ընտրությունները (տեսանյութ)
Ղազախստանի երկու խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալներին և բոյկոտել կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները:
Ինչպես հաղորդում է rferl.org կայքը, երկրի խոշորագույն Ալմաթի քաղաքում տասնյակ ցուցարարներ հավաքվել են Կենտրոնական այգում, որտեղ բղավել են «ամոթ», «բոյկոտ», «մենք ընտրելու իրավունք ունենք», «ազատություն քաղբանտարկյալներին»:
Նմանատիպ պատկեր է եղել նաև մայրաքաղաք Նուր Սուլթանում, որտեղ ցուցարարները հավաքվել են «Աստանա» համերգասրահի մոտ և երթով շարժվել դեպի կառավարական շինություններից մեկը: Ցուցարարները հայտարարել են, որ «ժողովուրդն արդեն հոգնել է այս իշխանություններից»:
Նշվում է, որ երկու քաղաքում էլ ցույցերն անցկացվել են մեծ քանակությամբ ոստիկանների հսկողության ներքո: Նուր Սուլթանում գրանցվել են դեպքեր, երբ ցուցարարներին բռնի կերպով նստեցրել են ոստիկանական ավտոբուսներ:
Հայտնի է, որ Ղազախստանում արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 9-ին և, ըստ ամենայնի, հաղթելու է ժամանակավոր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը:
Երկրում միակ գրանցված ընդդիմադիր քաղաքական կուսակցությունն արդեն հայտնել է ընտրությունները բոյկոտելու մասին:










