Երբ Ռուբեն Խաչատրյանը Բլեյանին անօրինական ձևով պոնի էր նվիրում, բարձրաձայնեցի, հետևանքը եղավ ինձ հեռացնելը. Կենդանաբանական այգու նախկին աշխատակից

12:16 • 01.05.19

Տնօրենի հրաժարականն ենք պահանջում, սակայն նա մտադրություն չունի հրաժարական տալ, քաղաքապետարանն էլ նման խնդիր չի դնում, որովհետև քաղաքապետարանում չեն տեսնում այն մասնագետին, որը կարող է շատ կոնկրետ, շատ ճիշտ մոտեցում ցուցաբերել և հասկանալ՝ խնդիրն ինչի մասին է: Այս մասին Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից, այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ տնօրենը մասնագետ չէ, կենդանիներից ու այգուց էլ ոչինչ չի հասկանում:

«Պահանջում ենք Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարական: Ես չեմ հասկանում՝ քաղաքապետարանն ի՞նչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ, որն ընդհանրապես կապ չունի կենդանաբանական այգու և բնության հետ: Նա, չլինելով մասնագետ, մինչև անգամ մասնագետների հետ էլ չի կարողանում աշխատել: Երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցներին դուրս հանեց աշխատանքից: Ով բարձրաձայնում է խնդիրները, հաջորդ օրը ծանուցումով դուրս է գալիս աշխատանքից»,- ասաց նա:

Մեկ այլ աշխատակից էլ հավելեց, որ ընդհանուր առմամբ 8 տարում 80 աշխատակից է հեռացրել:

«Հիմա կան նոր աշխատակիցներ, որոնք մինչև անգամ եթե սովորում են անասնաբուժական ինստիտուտում, բայց պետք է ունենան վայրի կենդանիների հետ աշխատանքային փորձ, իսկ մարդիկ 18-20 տարեկանից աշխատել էին, 40 տարեկան էին, ու հանեց աշխատանքից մարդկանց, որոնք մեծ փորձ ունեին»,- նշեց նա:

Նա ասաց, որ հիմա չեն նկատում, որ կենդանին հիվանդ է, հասնում է  սատկելու աստիճանի, նոր նկատում են, և հնարավոր չի լինում մի բան անել:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ են իրեն հեռացրել աշխատանքից, Մանուկյանը պատասխանեց, որ իբր աշխատանքից ուշանալու կամ բացակայելու պատճառով: «Իրականում, երբ Բլեյանին պոնի էր նվիրում անօրինական ձևով, բարձրաձայնել եմ խնդիրների մասին, հետևանքը եղավ ինձ հեռացնելը: Ամբողջ խնդիրն այն է, որ ինքը մասնագետ չի ու մասնագետների կարծիքներն ու խորհուրդները հաշվի չի առնում, այլ շարժվում է իր քմահաճույքներով»,- եզրափակեց նա: 

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու սեզոնի բացմանը զուգընթաց այգու դիմաց ներկա և նախկին աշխատակիցներն իրականացրել են բողոքի ակցիա՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարման խորհուրդ ստեղծել և անցկացնել տնօրենի ընտրություններ, հնարավորություն տալ մասնագետներին, կենդանասերներին ներկայացնել իրենց տեսլականը։ Նրանք նաև պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաև քաղաքապետարանից, ինչպես նաև մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը: Այդ առաջարկությունները ներկայացրել են նաև քաղաքապետարանում:

Հիշեցնենք, որ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ, խոսելով իր դեմ ուղղված մեղադրանքների մասին, նշել էր, որ իրեն զրպարտում են: Ինչ վերաբերում է անարդյունավետ կառավարման մեղադրանքներին, Խաչատրյան ասել էր, որ ինքը բնապահպանական կրթություն է ստացել Ժնևի համալսարանում՝ քչերն ունեն այդպիսի կրթություն, իսկ արդյունքը 7 տարվա գործով է ցույց տվել: