Մինչև բերել էին «Աստղիկ» ԲԿ, արդեն վիճակը կրիտիկական էր. Կյուրեղյանը՝ Վանաձորից ուղղաթիռով Երևան տեղափոխված քաղաքացու մահվան մասին
Օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռով Վանաձորի բժշկական կենտրոնից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված ծերատան բնակիչը մահացել էր:
«Աստղիկ» Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նրա՝ 68-ամյա Սամվել Ստեփանյանի մոտ աորտային դիսեկցիա է եղել:
Բժիշկը նշեց, որ Վանաձորի ԲԿ-ից տեղափոխվելու պահին բժիշկները գնահատել են այնպես, որ հնարավոր է եղել նրան տեղափոխել:
«Ցավոք, մինչև բերել էին, մեր հիվանդանոց հասցրել, արդեն վիճակը կրիտիկական էր և ոչ մի կայուն տվյալներ չուներ հիվանդը` ոչ ճնշման, ոչ շնչառության, ոչ էլ սրտի աշխատանքի: Վիճակը կայունացման համար ամեն ինչ արվել է, սակայն չի կայունացել և ցավոք վախճան է տեղի ունեցել»,-ասաց նա և նշեց, որ հիվանդի վիճակը թույլ չի տվել իրեն տանել վիրահատարան:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեպքի վերաբերյալ հակասական տեղեկություններ է ստացել:
«Մասնավորապես, նշում են, որ 68-ամյա քաղաքացին իրականում մահացել է ոչ թե հիվանդանոցում, այլ ուղղաթիռի մեջ՝ ճանապարհին։ Բանն այն է, որ այդ ուղղաթիռներն իրականում հարմարեցված չեն բժշկական ծառայություններ մատուցելու համար, և այդ մասին բարձրաձայնել են տարբեր մասնագետներ։ Այսինքն՝ ուղղաթիռում չեն կարող ռեանիմացիոն գործողություններ լիարժեք կատարել, որի հետևանքով էլ մահ է արձանագրվել։ Իսկ մյուս վարկածի համաձայն էլ, նրան չեն կարողացել փրկել հիվանդանոցում, սակայն այս դեպքում էլ պատճառն այն է, որ ուղղաթիռի մեջ անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողացել ամբողջ ծավալով կատարել: Ստացվում է, որ ուղղաթիռով նրա տեղափոխումը չկարողացավ փրկել այդ մարդու կյանքը»,-գրել է թերթը:










