Բնապահպանության նախարարը կդիմի դատարան՝ պահանջելով հերքել Կենդանաբանական այգու տնօրենի հետ համատեղ բիզնես ունենալու մասին տեղեկությունները

17:39 • 02.05.19

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դիմելու է դատարան՝ պահանջելով հերքել «Ջամբո» պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային հայտարարությունը, թե ինքն ու Կենդանաբանական այգու տնօրենը համատեղ բիզնես ունեն:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:

Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։

Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։

Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:

Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները:

Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսևորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»։