Կոնդում տարիներ առաջ կատարվել է տների սխալ չափագրում. կոնդեցիները դարձյալ բողոքում են (տեսանյութ)
Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներից մի քանիսը քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ասում են՝ տարիներ առաջ Կոնդի իրենց տներում սխալ չափագրումներ են իրականացվել, արդյունքում՝ իրենց տարածքների մի որոշ մաս սեփականության իրավունքի մասին վկայականով իրենց չի պատկանում: Բազմաթիվ անգամ դիմել են քաղաքային իշխանություններին, բայց ապարդյուն, այսօր դարձյալ եկել են՝ «վերականգնելու իրենց իրավունքները»:
«Տարիներ շարունակ մեր բողոքը ներկայացրել ենք, եկան մի մասին սեփականության վկայականում թերի չափագրումները իբր կարգավորեցին, բայց ընդամենը գծանշեցին, մի մասինը ընդհանրապես ոչինչ չարեցին: Կոնդում կան վարձակալություններ, որոնք օրենքի ուժով պետք է փոխվեին սեփականության, դրանք էլ են մնացել նույն կարգավիճակում, ոչ մի բան չի փոխվել: Օրինակ՝ մեկի մոտ երկրորդ հարկը չկա վկայականում, մյուսի մոտ նկուղն է պակաս, մի տեղում ընդհանուր բակում 5 հարևանով են ապրում: Օրինակ՝ ինձ մոտ 75 քմ պակաս են գրել վկայականում: Ամբողջ խնդիրն այն է, որ մի օր Կոնդը պետք է կառուցապատվի, որ գան, տեսնեն պակաս է, կասեն՝ վկայականով քանի քմ կա, էդքանով էլ վճարում ենք: Ես ինչո՞ւ պետք է մեր եղածը ուղղակի, հենց այնպես տամ կառուցապատողին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը:
Երեմյանն ասաց, որ հեղափոխությունից հետո դիմել են քաղաքային իշխանություններին՝ հուսալով, որ «իրենց ընտրած իշխանությունները» հարցին լուծում կտան, բայց փոխարենը ստացել են «լղոզված» պատասխան՝ «Պատասխանում իրենք հղում են կատարել 912 Ն որոշմանը, իսկ դա նշանակում է, որ մեր եղածը մենք պետք է գնենք քաղաքապետարանից, բայց ինչո՞ւ գնենք, երբ տարիներ շարունակ մենք այն օգտագործել ենք ու նախկին իշխանության ժամանակ է թերի չափագրում եղել»:
Նաիրա Երեմյանը նշեց, որ քաղաքապետարանի «Մեկ պատուհան»-ի միջոցով ներկայացրել են իրենց բողոքն ու առաջարկներն ամփոփող դիմումը, ըստ որի, ցանկանում են ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննի իրենց բողոքն ու իրենց հետ քննարկումների արդյունքում կլուծի այդ հարցը:
Նշենք, որ կոնդեցիներին բողոքը լսեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Կոնդի հարցը Երևանի ամենացավոտ խնդիրներից մեկն է, որը պետք է լուծել. «Այստեղ մենք երկու հիմնական ասպեկտ պետք է առանձնացնենք, մի կողմից՝ մարդկանց համար բնակարանային նորմալ պայմանների ստեղծման խնդիրն է, մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել Կոնդի քաղաքաշինական, պատմաճարտարապետական արժեքը, պարզ ասած՝ մենք չենք կարող թաղամասը հավասարեցնել հողին և ստեղծել նորը ու մարդկանց նոր բնակարաններով ապահովել: Սակայն մյուս կողմից մարդկանց սոցիալական պայմանները բարելավելը օրախնդիր է: Ես լսեցի քաղաքացիների պահանջը, իրենք ներկայացրել են իրենց պահանջը, առաջարկները, ես մեր հանդիպման մանրամասները նաև բանավոր կերպով կհայտնեմ համապատասխան մարդկանց»:










