Մշակույթի նախարարությունը դիմել է Դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է Ամբերդի շրջակայքում փոխվել պահպանության գոտին

15:39 • 02.05.19

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Ամբերդ ամրոցի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքներին և դրանց կասեցմանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունը դիմել է Դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է Ամբերդ ամրոցի շրջակայքում պահպանության գոտին փոխվել:

Նա նշեց, որ ապրիլի 13-ին սոցցանցերից են տեղեկացել, որ Ամբերդ ամրոցի մոտակայքում շինարարական աշխատանքներ են իրականացվում: «Անմիջապես ստուգեցինք, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը և թե արդյոք պահպանության գոտու մեջ են մտնում իրականացվող աշխատանքները, թե ոչ»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այդ տարածքը դուրս է հանվել պահպանության գոտուց։ Նախարարությունն ուսումնասիրել է, թե ինչպես է կազմվել պահպանության գոտին և պարզել, որ դեռևս 2013 թվականին այն դուրս է հանվել, ինչը, ըստ նրա, տարօրինակ է:

Տիգրան Գալստյանը նշեց, որ շինարարություն կատարելիս հայտնաբերվել են պատմական շերտեր, իսկ երբ Հայաստանում կամայական տեղ շինարարություն անելիս, հայտնաբերվում են հնագիտական շերտեր, պարտավոր են աշխատանքները դադարեցնել, ներկայացնել Մշակույթի նախարարություն, որի դիրքորոշումից հետո միայն կարող է շարունակել աշխատանքները:

«Ապրիլի 26-ին մենք հնագետի հետ այցելեցինք Ամբերդ և պարզեցինք, որ հնագիտական շերտերի առկայություն կա, և անհրաժեշտություն կա, որ հնագետն ուսումնասիրի: Կառուցապատողի հետ պայմանավորվեցինք, որ ժամանակավոր դադարեցվի շինարարությունը, մինչև հնագետը կիրականացնի ուսումնասիրություն»,- ասաց նա:

Տիգրան Գալստյանը հայտնեց, որ կառուցապատողը՝ Սիրակ Մանուկյանը, մինչև 2018 թվականն աշխատել է Ամբերդ թանգարանի ղեկավար և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի որդին է: Նա նշեց, որ պատմական շերտի պահպանության հարցերի մասին պետք է բարձրաձայներ հենց հայրը, ինչը նա չի արել:

Մշակույթի փոխնախարարը նշեց, որ մոտակայքում սննդի կետ կա, որը ևս խանգարում է հուշարձանին, ապա ավելացրեց, որ Մշակույթի նախարարությունը դիմել է Դատախազություն, որպեսզի վերջինս պարզի, թե ինչու է պահպանության գոտին փոխվել։ Նաև Հնագիտության ինստիտուտ են գրություն ուղարկել, որպեսզի ուսումնասիրություն իրականացվի:

Նա նաև ասաց, որ Մշակույթի նախարարությունը Մանուկ Մանուկյանին աշխատանքից ազատելու լիազորություններ չունի, և պետք է սպասեն Դատախազության արձագանքին:

«Մեր այցից հետո չի շարունակվել որևէ շինարարական աշխատանք: Իմ տեղեկություններով՝ այդ տարածքում ցանկանում են կառուցել ռեստորանային համալիր»,-ասաց նա։

Տիգրան Գալստյանը նշեց, որ Գիտահետազոտական կենտրոնից պարզաբանում պետք է ստանան, թե ինչ հիմնավորմամբ է այդ տարածքը հանվել պահպանության գոտուց:

Մշակույթի նախարարությունը դիմել է Դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է Ամբերդի շրջակայքում փոխվել պահպանության գոտին