Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի մայիսի 13-ին
2019 թվականի մայիսի 2-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարել է ավարտված և հեռացել որոշում կայացնելու:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 13-ին։










