Կիպրոսի արդարադատության նախարարը երկրում տեղի ունեցած սերիական սպանություններից հետո հրաժարական է տվել
Կիպրոսի արդարադատության և հանրային կարգուկանոնի նախարար Իոնաս Նիկոլաուն երկրում տեղի ունեցած սերիական սպանությունների պատճառով հրաժարական է տվել, հաղորդում է Cyprus Mail-ը:
«Ես հրաժարականի մասին դիմումը ներկայացրել եմ միայն քաղաքական էթիկայի նկատառումներով՝ իմանալով, որ պատասխանատվություն չեմ կրում զեկույցների մշակման համար, իսկ ոստիկանությունն ինձ երբեք դրանց մասին չի տեղեկացրել»,- հայտարարել է Նիկոլաուն:
Երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մեծ ափսոսանքով է ընդունել նախարարի հրաժարականը՝ նշելով, որ զրկվում է իր «ամենամտերիմ զինակիցներից» մեկից:
Կիպրոսի նախագահը հայտնել է նաև, որ կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ բացահայտել սպանությունները և քննել անհետ կորածների գործը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիպրոսում կանանց սերիական սպանությունների կասկածանքով զինծառայող է ձերբակալվել: Նրա զոհերը, վերջին տվյալների համաձայն, 5 կին և 2 երեխա են: Զոհերն օտարերկրացիներ են: Նրանց մարմինները հայտնաբերվել են լքված հանքավայրում և թունավոր արտանետումներով լի լճի մեջ:
Զոհերի հարազատները հայտարարել էին, որ ոստիկանությունը հրաժարվել է ընդունել անհետ կորածների մասին հայտարարությունները և չի հետաքննել ուսուցիչների հայտարարությունն այն մասին, որ երեխաներն անհետացել են և դպրոց չեն հաճախում:










