The New York Times-ում գովազդ է հրապարակվել՝ կոչ անելով կանգնեցնել լրագրողներին բանտարկող Էրդողանին
Ամերիկյան The New York Times հեղինակավոր թերթում գովազդ է հայտնվել, որը կոչ է անում կանգնեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը բանտարկում է լրագրողներին:
Ինչպես հաղորդվում է Ամերիկայի Հայ դատ հանձնախմբի ֆեյսբուքյան էջում, գովազդը հրապարակվել է մամուլի ազատության օրվա առթիվ, որը նշվում է մայիսի 3-ին: Այն տեղադրվել է «Ստոկհոլմի Ազատության կենտրոնի» նախաձեռնությամբ:
Գովազդում ասվում է, որ «Էրդողանի կառավարությունն ավելի շատ լրագրողների է կալանավորում, քան բոլոր մյուս կառավարությունները միասին վերցրած»: Բացի այդ, մամուլի հարյուրավոր ներկայացուցիչներ փակվում են, հազարավոր լրագրողներ՝ վտարվում:
Ըստ «Ստոկհոլմի Ազատության կենտրոնի»՝ 191 թուրք լրագրող և մեդիա ոլորտի աշխատող բանտարկված է, մինչդեռ թուրք դատախազները աքսորում գտնվող 167 լրագրողի կալանավորման հրահանգ են արձակել: Ինչպես նշվում է, ևս 34 արտասահմանցի լրագրող Թուրքիայում թիրախի տակ է գտնվում:










