Կառավարությունը մասամբ ընդունեց Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխության վերաբերյալ ԼՀԿ առաջարկները

14:53 • 02.05.19

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը կառավարությունն այսօր ընդունեց մասնակի:

Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվող անձանց շրջանակը: Նախարարն ասաց, որ այս կետն իրենց համար անընդունելի է:

«Նախ՝ ավագանու նիստը հրապարակային է, ավագանու նիստերը քաղաքապետարանի  կայքով հեռարձակվում են առցանց: Օրինակ՝ եթե մեկ միլիոն չափահաս բնակչից հազարը ցանկանան մասնակցել նիստին, ապա մենք խնդիր կունենանք և ավագանու նիստը տեղի չի ունենա»,- ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ այդ պատճառով էլ կա այլ կարգավորում, որով համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի:

Ըստ նախարարի՝ շատ կարևոր կետ է նիստին լրագրողների մասնակցության հարցը: «Սա մասամբ է բավարարվել: Երբ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկեցինք, նրանք համաձայնեցին, որ լրագրողները կարող են ներկա գտնվել ավագանու նիստերի դահլիճին կից վայրում, որտեղից տեսանելի և լսելի է ավագանու նիստը»,- ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի փոփոխություն էր տեղի ունեցել, որով լրագրողների համար սենյակ էր հատկացվել և դահլիճ մուտքը կասեցվել էր: «Այս պարագայում Երևանի քաղաքապետարանը ապահովում է լրագրողների ներկայությունը նիստերի դահլիճի կից վայրում»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ այսի՞նքն ԱԺ-ի պես։ Պապիկյանը պատասխանեց, որ ավելի մոտ:

Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ ԼՀԿ-ն առաջարկել է վերացնել քաղաքապետարանում ճեպազրույցների ժամանակ լրագրողների հավատարմագրումը, ինչը ևս անընդունելի է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ երկրորդ և երրորդ կետերը հիմա փաստացի գործում են այնպես, ինչպես առաջարկված են: «Այսինքն՝ այս պահի դրությամբ ավագանու նիստերի դահլիճից են լրագրողները լուսաբանում և հավատարմագրման որևէ գործընթաց ու պահանջ չկա»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ իրենք դեմ չեն, որ որևէ մեկը մասնակցի նիստերին, բայց դա հնարավոր չէ տեղի պատճառով և ճիշտ չէ դա ուղղակի գրել օրենքի մեջ, եթե դրա հնարավորությունները չկան:

 «Մեր կառավարությունը, պետական մարմինները թափանցիկության հետ խնդիր չունեն: Հիմա նույնիսկ ԱԱԾ-ն է թափանցիկ, սկսել են դրա համար մեզ քննադատել»,- ասաց վարչապետը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ տեղից ասաց, որ թափանցիկ չեն:

«Հա՞, այլևս թափանցիկ չե՞ք»,- ծիծաղելով հարցրեց վարչապետը: