«ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ, սա ի՞նչ բան է». վարչապետին դուր չեկավ Բաթոյանի առաջարկը՝ վերացնել թոշակառուների բանկ այցելելու պահանջը
Կառավարության հերթական նիստում այսօր քննարկվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագիծը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի ժամկետով՝ օրենքով գործող մեկ տարվա փոխարեն: Ըստ նախարարի՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ ստացող կենսաթոշակառուի տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալու և ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու մասին դրույթները, նաև ուժը կորցրած ճանաչել 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստերի գրանցման համակարգը, և օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժի մեջ գտնվող լիազորագրերն ավտոմատ կերպով համարել 15 տարի ժամկետով:
«Առաջարկվող փաթեթն ընդունելու դեպքում կավելանան կենսաթոշակների, նպաստների վճարմանն ուղղվող բյուջետային ծախսերը: Ընդունելու դեպքում միայն 2019-ին ապրիլի 1-ի դրությամբ առկա տվյալներով կենսաթոշակների և նպաստների վճարվող ծախսը կավելանա 2 մլրդ դրամով։ Գործող օրենսդրության համաձայն՝ մահվան դեպքերը գրանցում են այդ երկրներում գտնվող հյուպատոսական հիմնարկները, սակայն դա իրականացվում է բացառապես կամավորական սկզբունքով, այսինքն, եթե մարդը ցանկություն չհայտնի մահվան փաստը գրանցել, մենք դրա մասին տեղեկություն չենք ունենա»,- ասաց նա:
Զարուհի Բաթոյանը հավելեց, որ գործող օրենսգրքով վերացվում է նաև Հայաստանում գտնվող քաղաքացիների՝ անձամբ բանկ այցելելու պահանջը և առաջարկեց գործող հոդվածները թողնել անփոփոխ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, դուր չեկավ Բաթոյանի այն առաջարկով, որով վերացվում է կենսաթոշակառուի՝ բանկ այցելելու դրույթը:
«Ես լավ չեմ հասկանում այն նախագծերը, որոնք մեզ առաջարկում են ետ գնալ: Այս իրավիճակն ինչի՞ց է առաջացել: Առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարավոր թոշակառուներ կան, որ գոյություն չունեն, բայց նրանք թոշակ են ստանում, և դրա արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք առաջարկում ենք, որ սողանցքնե՞ր ստեղծել, որ էլի՞ նույն բանը տեղի ունենա, սա անհասկանալի տրամաբանություն է»,- ասաց նա:
Վարչապետի կարծիքով՝ պետք է մարդկանց օգնել, որ այդ հավաստագրումն ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու, այլ ոչ թե ետ գնալու տրամաբանությամբ:
«Սա վատ սովորություն է, ես նկատի չունեմ ընդդիմության առաջարկը: Փաստորեն, ձեզ մոտ էլ է դա քննարկվում, ես ասում եմ, որ դա չպետք է քննարկվի, պետք է քննարկվի առաջ գնալու տարբերակով, ոչ թե նոր սողանցքներ բացենք: Մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ: Փոխանակ մենք այնպես անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, ասում ենք՝ միջանցք բացենք, որ ունենան, դա բացարձակ անընդունելի բան է»,- ասաց նա:
Նախարար Բաթոյանն էլ արձագանքեց, թե այստեղ խոսքը բացառիկ դեպքերի մասին է: Ինչին ի պատասխան վարչապետն ասաց.
«Նախկին մեխանիզմներն էլ են նույն մարդիկ ստեղծել, ովքեր իրավասություն են ունեցել հավաստագրելու մարդը կա՞, թե՞ չկա: Այսօր 21-րդ դարն է, ամիսը մեկ անգամ պետք է զանգի «Սկայպ»–ով, խոսի թոշակառուն: Այսինքն՝ փոխանակ առաջ գնանք, տեխնոլոգիաներն օգտագործենք, հետ ենք գնում: Փոխանակ ամեն ինչ անենք, որ շուտ հասնենք 2030 թվականին, ամեն ինչ անում ենք. որ հայտնվենք 1997 թիվ, սա ի՞նչ բան է»:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել տեխնոլոգիական լուծումներ, որ մարդու գոյություն ունենալու փաստն արձանագրվի այլ ճանապարհներով: «Թե չէ մենք անընդհատ իբր մարդկանց ծառայություն ենք մատուցում, բայց վնաս ենք հասցնում դրանով: Ինչի՞ պետք է մենք պաշտոնյա դնենք, որ պաշտոնյան հաստատի մարդը կենդանի՞ է, թե՞ չէ: Դա նշանակում է, որ այդ պաշտոնյանին հնարավորություն ենք տալիս, որ գոյություն չունեցող թոշակառուի թոշակն ինքը ստանա, տենց ո՞նց կարելի է թույլ տալ: Մենք ամբողջ օրն ասում ենք՝ թվայնացում, բայց հիմա ասում ենք՝ եկեք 4 հատ սոցիալական աշխատող նշանակենք, որ գնան տեսնեն մարդը կենդանի՞ է, թե՞ ոչ,- եզրափակեց նա:
Այսպիսով՝ կառավարությունը մերժեց առաջարկը։










