Մեքսիկական թմրակարտելն Էկվադորի 4 քաղաքացու է առևանգել ԱՄՆ-ի հետ սահմանին

22:56 • 02.05.19

Մեքսիկական «Լոս Սետաս» հզոր թմրակարտելը Էկվադորի 4 քաղաքացու է առևանգել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի պարբերականին, առևանգումը տեղի է ունեցել ապրիլին ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին, երբ 17 էկվադորցի և կենտրոնամերիկացի ներգաղթյալներից կազմված խումբը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

Էկվադորի ոստիկանությունը հայտնել է, որ առևանգված քաղաքացիների համար մեքսիկացիները փրկագին են պահանջում նրանց հարազատներից:

«Լոս Սետաս» խմբավորումը հանդիսանում է Մեքսիկայի հանցավոր աշխարհի առաջատարներից մեկը, որը վերահսկում է հանցավոր խմբավորումներն ավելի քան նահանգների կեսում և մայրաքաղաք Մեխիկոյում:

Կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների քարավանները Մեքսիկայի տարածքով շարժվում են դեպի ԱՄՆ դեռևս անցյալ տարվանից: Արդյունքում ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին հազարավոր ներգաղթյալներ են հավաքվել: ԱՄՆ իշխանություններն, իրենց հերթին, զինվորականների են ուղարկել սահման անվտանգության ապահովման համար: