Քաղաքապետարանն ինչ-որ մեկից տարածք չի վերցրել, տվել մյուսին, սեփականատերն է տվել վարձակալության. Հ. Կարապետյանը՝ ՔՈ-ի հիմնադրին արտոնություն տալու ահազանգի մասին
Երևանի քաղաքապետարանը կամ վարչական շրջանը ինչ-որ մեկից տարածք չի վերցրել, տվել մյուսին: Կա սեփականություն և սեփականատերը տարածքը վարձակալության իրավունքով հանձնել է մեկ այլ քաղաքացու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն`անդրադառնալով քաղաքացու ահազանգին, ըստ որի Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում Աջափնյակի նախկին թաղապետի որդուն պատկանող սրճարանի ապամոնտաժումից հետո ՔՈ-ի հիմնադիր Արթուր Ավագյանին է նման արտոնություն տրվել:
Հակոբ Կարապետյանը հաստատեց, որ տվյալ տարածքը Աջափնյակ թաղապետի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն` Արտակ Խաչատրյանին է պատկանում: «Այդ իրավունքը չի փոփոխվել, այդ սեփականությունը մինչև օրս էլ մնում է, քաղաքապետարանը կամ վարչական շրջանի աշխատակազմը ապամոնտաժման որևէ գործողություն այս ընթացում չի իրականացրել»,-ասաց նա:
Նա հայտնեց, որ սեփականատերն այդ տարածքը վարձակալությամբ տրամադրել է մեկ այլ քաղաքացու, և վարձակալը որոշել է, որ արդիականացում իրականացնի՝ թեթև կոնստրուկցիաները փոխարինվել են մեկ այլ ձևի թեթև կոնսրտուկցիաներով:
«Վարչական շրջանի ադմինիստրացիայից տեղեկացա, որ այն միակ գործողությունը, որ նրանք արել են այդ սրճարանի հետ կապված վերջին շրջանում, այն է, որ վարչական արձանագրություն են կազմել այդ շինաշխատանքների մեջ որոշակի շեղումների և խախտումների փաստով: Արձանագրությունը կազմելուց հետո այդ խախտումները վերացված են և տարածքի վարձակալը շարունակում է աշխատանքները»,-ասաց նա:










